20/04/2026
#ԱՊՐԻԼԻ24 #Մոտոերթ #Միացեք
Ապրիլի 24-ին, 10:00:
Հարգելի մոտոյասեր հայություն, նորից մոտենում է ցեղասպանության հիշատակի օրը և ինչպես ամեն տարի, այս տարի նույնպես կազմակերպելու ենք մոտոերթ։
Ովքեր եղել են մեր նախորդ տարիների այս նույն երթին, արդեն գիտեն, որ հիմնական նպատակը դա ոչ թե միայն սգալն է, այլ զոհի ու մորթվածի դերից դուրս գալն է։ Այդ իսկ պատճառով մենք երթը վարելու ենք ոչ թե դեպի Ցեղասպանության հուշահամալիր, այլ դեպի այնպիսի վայրեր, որտեղ կհիշենք այդ նույն ցեղասպանությունը շարունակել խանգարած ու մեզ այդ բարդ ու ցավոտ օրերին մեծ հաղթանակներ նվիրած հայ հերոսներին։
Երթը սկսում ենք Katana Motors Armenia -ի պլաշադկայից, որտեղ բավարար քանակի տեղ կա բոլոր մոտոների համար։
Քանի որ մի քանի տարի շարունակ գնացել ենք դեպի Սարդարապատ, այս անգամ երթուղին կլինի մի փոքր ուրիշ։
Առաջին կանգառը Խոր Վիրապն է։ Այնտեղ մոմ կվառենք զոհերի հիշատակին։
Դրանից հետո կգնանք դեպի Գևորգ Չաուշի արձանը և կխոսենք ֆիդայինների գործերի մասին և այն մասին, թե ինչպե՞ս նրանք փրկեցին հայ ժողովրդի վերջին մասնիկներին, ցույց տվեցին, որ մենք ոչ միայն մորթվել գիտենք, այլ նաև գիտենք պատասխան տալ ու վրեժ լուծել։ Որ մենք ունենք ինքնասիրություն։
Հաջորդ կանգառը Վազգեն Սարգսյանի տուն-թանգարանն է․ մարդ, ով կայացրեց ու կազմակերպեց հայոց բանակը ու մեծ բաժին ունի առաջին արցախյան հաղթանակի մեջ։ Մանավանդ այսօրյա իրականության մեջ կարևոր է չմոռանալ վերջերս տեղի ունեցած հաղթանակների մասին նույնպես։
Վերջին կանգառը Երասխի շրջադարձն է։ Երասխը մի գյուղ է, որը գտնվում է հենց սահմանագծին և 2020-ից պարբերաբար թիրախավորվել է ադրբեջանական բանակի կողմից։ Մեր ներկայությունը միգուցե ցույց տա, որ գնահատում ենք այդ գյուղի կարևորությունը և անվախ կենսակերպը։
ՀԻՇԵՑՈՒՄ․
Մոտոերթի կազմակերպչական խումբը կարևորում ու խրախուսում է ճիշտ ու հարգալից մոտոմշակույթը։ Այդ իսկ պատճառով խնդրում ենք առանց համարների, առանց գրանցման մոտոներին, ինչպես նաև առանց սաղավարտների ու վարորդական իրավունքների չմիանալ մոտոերթին։ Հակառակ դեպքում հենց սկզբից հետ ենք ուղարկելու։ Մենք չենք փորձում ապահովել մոտոցիկլետների մեծ քանակ։ Մեր նպատակը լրիվ այլ բանի մասին է։ Այդ իսկ պատճառով երթի ժամանակ բոլոր տեսակի ցուցադրական քայլերը՝ անկապ գազավատներ անելը, դիմացի ակը օդ հանելը և այլն չեն խրախուսվելու։